Panorama.it. ԱՄՆ-ն Էրդողանին թույլ չի տալիս ազատորեն հարձակվել քրդերի դեմ
Միջազգայինnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առայժմ ՆԱՏՕ-ի համաձայնությունը չի ստացել Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազաների վրա անսահմանափակ հարձակումներ իրականացնելու համար, չնայած հույս ուներ: Այս մասին գրել է իտալական Panorama պարբերականը:
«Փաստ է, որ թուրքական կառավարությունը ջիհադականների սպառնալիքներն օգտագործեց, որպեսզի հայտարարի ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներ ներխուժելու ծրագրերի մասին: Իսկ ԻԼԻՊ-ին Անկարան միշտ համակրանքով է վերաբերել: Դրա լավագույն օրինակները սահմանային կետերն ու նահանջելու ուղիներն են: Թուրքիայի նպատակը սահմանից սիրիական քրդերին հեռացնելն է, Թուրքիայի քրդերի հետ նրանց միավորմանն ու քրդերի ինքնավարության ծրագրերին խոչընդոտելը:
Էրդողանի հաշվարկը կարող է երկակի լինել. ԻԼԻՊ-ի դեմ հարձակումների անվան տակ հարձակվել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որպեսզի գրավի ազգայնական տրամադրված ընտրազանգվածին եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը թույլ չտա խորհրդարանական ընտրություններում հաղթահարել 10%-ի շեմը:
Ամեն դեպքում, Էրդողանը ՆԱՏՕ-ից չստացավ ակնկալած կանաչ լույսը՝ ՔԱԿ ճամբարների վրա հարձակումների համար: Էրդողանին հասկացրեցին, որ հարձակումը պետք է համարժեք լինի:
ՔԱԿ-ը նույնպես երկակի դրության մեջ է. այն դեռեւս մնում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «սեւ ցուցակում», բայց մյուս կողմից՝ ՔԱԿ մարտիկներն անփոխարինելի դեր ունեն Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
Այսպիսով, քրդերի դեմ հարձակումները թույլատրելի են, բայց՝ չափավոր: Համենայն դեպս, մինչեւ ԱՄՆ-ն չորոշի, որ կարելի է զոհաբերել քրդերին»: