PKK-ի առաջնորդը Էրդողանին մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ
ՄիջազգայինՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Ջեմիլ Բայըքը Թուրքիայի նախագահին մեղադրել է քուրդ մարտիկների վրա հարձակումներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայըքը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:
«Թուրքերը պնդում են, որ կռվում են ԻՊ-ի դեմ…բայց իրականում նրանք կռվում են PKK-ի դեմ», -ասել է նա:
Այդ գործողություններում PKK-ի զինված թեւի առաջնորդն ուղղակիորեն մեղադրել է Թուրքիայի նախագահին:
«ԻՊ-ի սպանությունների հետեւում կանգնած է անձամբ Էրդողանը: Նրա նպատակը քրդերի առաջխաղացումը կանգնեցնելն է: Դրանով նա շարժվում է իր նպատակի իրականացմանը` Թուրքիայի թուրքացմանը», -ընդգծել Բայըքը:
Քուրդ մարտիկները, որոնց շարքերում նաեւ PKK-ի անդամները, Սիրիայում եւ Իրաքում կռվում են ԻՊ-ի գրոհայինների դեմ: Որոշ արեւմտյան երկրներ Թուրքիայի նման PKK-ին ահաբեկչական կազմակերպություն են համարում:
Թուրքական իշխանությունների եւ PKK-ի միջեւ 1980-ականներին սկսված զինված դիմակայության մեջ հրադադարը, որը միակողմանիորեն գրեթե երկու տարի առաջ հայտարարել էր քրդական կողմը, խախտվել էր հուլիսին, երբ Թուրքիայի օդուժը սկսել էր ռմբակոծել Իրաքի հյուսիսում տեղեկայված PKK-ի ճամբարները: