Միջուկային անվտանգությանը նվիրված եզրափակիչ գագաթնաժողովը 2016 թվականին կանցկացվի Վաշինգտոնում
ՄիջազգայինՄիջուկային անվտանգությանը նվիրված չորրորդ եւ վերջին միջազգային գագաթնաժողովը 2016 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ը տեղի կունենա Վաշինգտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ չճշտելով մասնակիցների կազմը:
Ծառայությունում հիշեցրել են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միջուկային ահաբեկչությունը համարում է «գլոբալ անվտանգության ամենաուղղակի եւ էքստրեմալ սպառնալիքը»: Առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2010 թվականին Վաշինգտոնում, մյուսները՝ 2012 թվականին Սեուլում եւ 2014 թվականին Հաագայում:
Առաջիկա համաժողովում, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, կարծարծվեն «այն քայլերը, որոնք կարելի է համատեղ անել, որպեսզի նվազագույնի հասցվի բարձրհարստացված ուրանի օգտագործումը, ապահովվի խոցելի նյութերի անվտանգությունը, հակահարված տրվի միջուկային մաքսանենգությանը, ինչպես նաեւ զսպվեն, բացահայտվեն ու խափանվեն միջուկային ահաբեկչության փորձերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: