Ադրբեջանում լրագրողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովը
ՄիջազգայինԲաքվի Սաբայիլի շրջանի դատարանը լրագրող Ռասիմ Ալիեւի սպանության կասկածանքով ձերբակալել է «Գաբալա» ակումբի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` նշելով, որ լրագրող Ռասիմ Ալիեւին ծեծի ենթարկելու եւ մահվան գործով ձերբակալվել են եւս 6 անձինք:
Նշվում է, որ ֆոտբոլիստի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 3 ամիս ժամկետով կալանքը:
Ջավիդ Հուսեյնովը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգքրի «հանցագործությունը թաքցնելու» երկու հոդվածներով:
Ջավիդ Հուսեյնովի փաստաբան Ադամ Մամեդովը հաստատել է ֆուտբոլիստի ձերբակալությունը եւ լրագրողներին ասել, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու դատարան:
Օգոստոսի 8-ին ժամը 18-ին Բաքվի Բաիլովի շրջանում «Բաքու մարկետ» խանութի դիմաց անհայտ անձինք դաժանորեն ծեծի են ենթարկել լրագրող Ռասիմ Ալիեւին այն բանի համար, որ նա Facebook-ի իր էջում քննադատել է «Գաբալա»-ի հանդիպումներից մեկում մրցակից թիմի խաղացողների նկատմամբ Ջավիդ Հուսեյնովի ագրեսիվ եւ ոչ վայել պահվածքը: Ծեծի ենթարկողները, որոնք եղել են Ջավիդ Հուսեյնովի մերձավորներն ու հարազատները, լրագրողին բազմաթիվ մարմնական ծանր վնասվածքներ են պատճառել: Լրագրողը տարվել է Բաքվի կլինիկական բժշկական կենտրոն, սակայն, օգոստոսի 9-ին ժամը 5-ին Ռա սիմ Ալիեւը, ստացած վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է:
Լրագրողի սպանության մեջ կասկածվում են Ջավիդ Հուսեյնովի ընկերները, որոնք ավելի վաղ հեռացվել էին «Գաբալա»-ի հիմնական կազմից, իսկ նրա եղբայրը` Էլշան Հուսեյնովը, ձերբակալվել է որպես Ռասիմ Ալիեւի սպանության մեջ գլխավոր կասկածյալ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ սպանված լրագրող Ռասիմ Ալիեւի մայրը հետաքննությանը հայտնել է, որ ծեծի ենթարկելու օրը «Բաքու մարկետ»-ի մոտ որդուն հեռախոսով հրավիրել է ինքը` Ջավիդ Հուսեյնովը: