Դոնբասում հրադադարը պետք է անշեղորեն պահպանվի. Եվրամիություն
ՄիջազգայինԴոնբասի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է նոր ազդակ ստանան, որպեսզի Մինսկի համաձայնություններն իրագործվեն մինչեւ այս տարվա վերջը:
Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները «պետք է կատարվեն բարեխղճորեն, սկսած հրադադարի վերաբերյալ համաձայնագրի պահպանումից եւ ծանր սպառազինությունների հետքաշումից»:
«Հակամարտության նոր սաստկացումը, որն ավելացրել է զոհերի թիվը կառավարության հսկողության տակ գտնվող մի քանի շրջանների վրա հարձակումների հետեւանքով, խախտում է Մինսկի համաձայնությունների ոգին: Նաեւ բոլոր այն միջադեպերը, որոնց թիրախ է դարձել ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելությունը, ներառյալ Սչաստյեում եւ Շիրոկինոյում դիտորդների հայտնվելը խաչաձեւ կրակի տակ եւ Դոնեցկում առաքելության ավտոմեքենաների հրկիզումը, սպառնալիքի տակ են դնում այն հանգուցային դերը, որն առաքելությունը կատարում է Մինսկի համաձայնությունների իրականացման մոնիթորինգում»,- նշվում է փաստաթղթում:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի օգոստոսի 11-ի հայտարարության մեջ ասված է, որ Ուկրաինայի արեւելքում մոնիթորինգային առաքելության դիտորդները վերստին գնդակոծման են ենարկվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: