Ադրբեջանում ֆինանսական իրավիճակը ճգնաժամի եզրին է
ՄիջազգայինՆավթի էժանացումը գնալով խորացնում է Ադրբեջանում ստեղծված ֆինանսական ճգնաժամը. ընկերություները դադարեցնում են գործունեությունը, բանկերը հայտարարում են սնանկացման մասին: Երեկ Ադրբեջանում սնանկացման որոշման մասին հայտարարել է եւս մեկ բանկ` «Evrobank»-ը: Բացի այդ, լավ չեն նաեւ «Bank VTB Azerbaycan» բանկի գործերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ ադրբեջանական բանկերի սնանկացման եւ գործունեությունը դադարեցվելու գործողությունները կապված են մանաթի արժեզրկման պատճառով հաճախորդների խնդրահարույց վարկերի աճի հետ, այսինքն` այն բանի հետ, որ մանաթի էժանացման հետեւանքով բանկերը խոշոր գումարներ են կորցրել, իսկ մանաթի էժանացումից տուժած հաճախորդները չեն կարողանում վերադարձնել կամ վճարել վարկային պարտավորությունները:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկից fins.az-ին հայտնել են, որ ընթացիկ տարվա առաջին կեսին երկիր 511 մլն դոլար փող է ուղարկվել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 36 տոկոսով քիչ է:
Ըստ թերթի` ֆինանսական ճգնաժամը ցնցող հարված է հասցրել նաեւ խոշոր ընկերությունների գործունեությանը: Ադրբեջանում 80 տոկոսով կրճատվել է նոր ավտոմքենաների վաճառքը:
Ադրբեջանում հարավկորեական KIA Motors ընկերության ներկայացուցչության ղեկավար Զեքա Ալիբեկովը fins.az-ին հայտնել է, որ ստեղծված ճգնաժամի պատճառով KIA Motors-ը ստիպված փակել է իր մի քանի ներկայացուցչություներն Ադրբեջանում:
«Այդ գործընթացը դեռ կշարունակվի: Մինչեւ տարեվերջ մենք կփակենք եւս 2-3 կենտրոն: Վաճառքի նվազման պատճառով արդեն փակվել են Բադամդար ավանում եւ Մասալլիում մեր պաշտոնական ներկայացուցչությունները», -ասել է նա: