Ադրբեջանական բանկերն ավանդատուների անվստահության պատճառով 800 մլն մանաթ են կորցրել
ՄիջազգայինՓետրվարյան արժեզրկման արդյունքում ադրբեջանական բանկերն ավանդատուների անվստահության պատճառով մոտ 800 մլն մանաթ են կորցրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով` 2015 թվականի առաջին կեսին բանկերը 1,97 անգամ ավելի քիչ փող են ներգրավել դեպոզիտային հաշիվներ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Դրա հետ միասին 1,89 անգամ աճել են դեպոզիտների գծով վճարումները:
«Այսինքն` ադրբեջանական մանաթի միանգամից 35 տոկոսով էժանանալու հետ կապված փետրվարյան արժեզրկման արդյունքում կապիտալի մեծ արտահոսքի եւ ավանդատուների անվստահության պատճառով բանկերն ընդհանուր առմամբ կորցրեցին 795,53 մլն մանաթ», -հայտնել է Ադրբեջանի ԿԲ-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նավթի համաշխարհային գների անկման հետ կապված մանաթի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում մի շարք բանկեր սնանկացվել եւ փակվել են, եւ այդ գործընթացը շարունակվում է: