ԱՊԼ խորհուրդն օգոստոսի 18-ին արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրավիճակի հարցով
Միջազգայինnews.am-ը գրում է.
Արաբական պետությունների Լիգայի (ԱՊԼ) խորհուրդն օգոստոսի 18-ին արտակարգ նիստ կանցկացնի՝ Լիբիայում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին օգոստոսի 16-ին տեղեկացրել է ԱՊԼ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցիչ Թարիք Ադիլը:
Նրա խոսքով, Լիբիան խնդրել է անհապաղ դիտարկել Սիրտ քաղաքում իրավիճակի հարցը, որը վերջին օրերին մշտական հարձակումների է ենթարկվում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների կողմից: Թարիք Ադիլը նաեւ հավելել է, որ նիստը կանցկացվի ԱՊԼ անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին լիբիական կառավարության ներկայացուցիչ Հաթեմ ալ-Ուրեյբին դիմել էր ԱՊԼ-ին եւ համաշխարհային հանրությանը՝ խնդրելով ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ, հատկապես՝ Սիրտում: Լիբիայի նախարարների կաբինետը կարծում է, որ ԻՊ-ին չի կարողանում ինքնուրույն դիմակայել, առաջին հերթին, երկրին զենք մատակարարելու միջազգային էմբարգոյի պատճառով: Վարչապետ Աբդուլլա Աբդուրահման աթ-Թանի խոսքով, «համաշխարհային գերտերություններն ԻՊ-ի դեմ պայքարում են Սիրիայում եւ Իրաքում, սակայն աչք են փակում Լիբիայում նրանց գործողությունների վրա, իսկ զենքի մատակարարման էմբարգոն վերացնելու՝ կառավարության հարցումներն անպատասխան են մնում»: