Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն համատեղ զորավարժանքներ են սկսել Կորեական թերակղզու շրջանում
ՄիջազգայինՀարավային Կորեան եւ ԱՄՆ-ը օգոստոսի 17-ին լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսել Կորեական թերակղզու շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրանց մասնակցում են 50 հազար հարավկորեացի եւ 3 հազար ամերիկացի զինծառայողներ, վարժանքները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 28-ը:
Զորավարժություններն ընթանում են ԿԺԴՀ-ի կողմից խիստ դժգոհության ու սպառնալիքների պայմաններում, որը նախօրեին հայտարարել է, թե դրանք «քիչ են տարբերվում պատերազմ հայտարարելուց»: Ընդսմին Փենյանն սպառնացել է Միացյալ Նահանգների դեմ կիրառել ժամանակակից, աշխարհին անհայտ զենք, եթե նա չհրաժարվի վարժանքներ անցկացնելուց:
ԿԺԴՀ-ի պաշտպանական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնին Փենյանի պատասխանը կլինի «հսկայական ավերիչ ուժի»: «Որքան ավելի ակտիվ լինեն այդ վարժանքները, այնքան ավելի հզոր կլինի ԿԺԴՀ-ի ռազմական պատասխանը»,- ընդգծել է նա:
Սեուլում եւ Վաշինգտոնում մշտապես ընդգծում են, որ զորավարժությունները բացառապես պաշտպանողական բնույթ են կրում եւ ուղղված են Կորեական թերակղզում կայունության պահպանմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: