Թուրքիայի իշխող ԱԶԿ-ը չի հաղթի նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում. ընդդիմություն
ՄիջազգայինԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) չի հաջողվի հաղթել նաեւ այդ երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, քանի որ նրա օգտին քվեարկողների թիվը չի գերազանցի ընտրողների 39 տոկոսից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սյոզչու» թերթը, հայտարարել է ԺՀԿ նախագահի խոսնակ Էրդողան Թոփրաքը:
Նրա խոսքով` կուսակցության կողմից անցկացված հարցումների արդյունքներով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն հունիսի 7-ի ընտրությունների համեմատ կկորցնի 2 տոկոս ձայն եւ կհավաքի 39 տոկոս քվեներ, ԺՀԿ-ը կկորցնի 2 տոկոս ձայնն եւ կհավաքի 14 տոկոս, քրդական Ժողովւրդների դեմոկրատական կուսակցությունը կշահի եւս 2 տոկոս ձայնն եւ կստանա 13 տոկոս քվեներ, իսկ քվեները զգալիորեն մեծացրած միակ կուսակցությունը կհանդիսանա ԺՀԿ-ը, որն, ըստ Թոփրաքի, նախկին 28 տոկոսի փոխարեն, կստանա ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին:
Ըստ ԺՀԿ հարցումների արդյունքների` արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում ԱԶԿ-ի պատգամավորների թիվը 258-ից կնվազի 238-ի, ԺՀԿ պատգամավորների թիվը 131-ից կաճի 149-ի, ԱՇԿ-ի պատգամավորների թիվը կփոփոխվի 70-85-ի միջեւ, իսկ ԺԴԿ-ինը` կարող է հասնել մինչեւ 87-ի:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահին առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել նոյմեբերի 1-ին: