Հունաստանի գերագույն դատարանի նախագահը գլխավորել է կառավարությունը Ցիպրասի հրաժարականից հետո
ՄիջազգայինՀունաստանի գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Տանու-Խրիստոֆիլուն, Սահմանադրության համաձայն, գլխավորել է երկրի կառավարությունը վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հրաժարականից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հունաստանի գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Տանու-Խրիստոֆիլուն կգլխավորի կառավարությունը մինչեւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,- գրում է The News 247 էլեկտրոնային հրատարկությունը:- Այդպիսով, նա կդառնա երկրի առաջին կին վարչապետը»:
Ավելի վաղ Ալեքսիս Ցիպրասը կառավարության պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին:
Ցիպրասի կառավարությունը մեծամասնություն չունի խորհրդարանում (ինչի համար 151 տեղ է պահանջվում 300-ից) եւ հենվում էր կառավարող կուսակցություններից 120-ից պակաս պատգամավորների աջակցության վրա, ինչը համարվում է «հոգեբանական նվազագույնը»: Կաբինետը կարող էր խորհրդարանով օրենքներ անցկացնել միայն այն դեպքում, եթե նրան աջակցեին ընդդիմադիր կուսակցություններից ընտրված օրենսդիրները:
Հունաստանի ժողովուրդը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում պետք է գնահատի այն, ինչին մենք արդեն հասել ենք, եւ որոշի՝ ով է երկիրը առաջնորդելու, հայտարարել է Ցիպրասը: «Ձեր ձայներով դուք կորոշեք, թե ով է առաջնորդելու Հունաստանն այս դժվարին, բայց խոստումնալի ճանապարհով, որը բացվում է»,- ընդգծել է Ցիպրասը՝ հորդորելով քաղաքացիներին «մասնակցել այն բանի համար պայքարին, որ Հունաստանը ոտքի կանգնի»: «Ես հույն ժողովրդի դատին եմ ներկայացնում այն ամենը, ինչին հասել եմ»,- ասել է վարչապետը:
Հունական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: