Ադրբեջանում դոլարային նոր տենդ է սկսվել
ՄիջազգայինԽոսակցություններն այն մասին, որ շուտով ադրբեջանական մանաթը դարձյալ արժեզրկվելու է, Ադրբեջանում դոլարային նոր տենդ են առաջացրել: Բաքվում գործող բոլոր բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի վաճառքը:
Ինչպես հաղորդում է Marja գործակալությունը, վաճառողները դա կապում են դոլար չլինելու հետ: Դոլարի թանկացումից տագնապած բնակիչներին չի հաջողվում մանաթ փոխանակել տարադրամի կետերում եւ բանկերում:
Ըստ Marja-ի` այդ իրարանցումը վերացնելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկը առեւտրային բանկերին նամակով հորդորել է մեկ դոլարը 1,055 մանաթից ավելի գնով չվաճառել, սակայն, որոշ բանկեր իրենց կայքերում դոլարի գինը նշել են 1,55 մանաթ, իսկ որոշ փոխանակման կետեր առավոտյան դոլարը փոխանակել են անգամ 1,06-1,07 մանաթով: Շատ բանկեր էլ զգուշանալով, որ մանաթի նոր արժեզրկում է սպասվում, դադարեցրել են դոլարի վաճառքը, հետագայում այն ավելի բարձր գնով վաճառելու համար:
Նշենք, որ նման իրավիճակ Ադրբեջանում ստեղծվել էր նաեւ անցյալ փետրվարի 23-ին, երբ ԿԲ-ը մանաթի փոխարժեքը միանգամից 34 տոկոսով նվազեցրել էր կապված նավթի գների անկման հետ:
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` նավթի գների շարունակվող սրնթաց անկման պայմաններում իշխանություններին չի հաջողվելու պահպանել մանաթի ներկայիս փոխարժեքը, եւ սպասվում է, որ մոտ ժամանակում մանաթի նոր` ավելի բարձր արժեզրկում տեղի կունենա Ադրբեջանում: