Հրաձգություն Ֆրանսիայի գնացքում. վիրավորվել են «Լեոն ֆիլմի» դերասանը ու ամերիկյան զինվորներ
Միջազգայինnews.am-ը գրում է.
Մի տղամարդ հարձակվել է Ամստերդամ- Փարիզ երթուղուն հետեւող արագընթաց գնացքի ուղեւորների վրա: Հրազենային վիրավորում է ստացել երեք մարդ: Չարագործին ձերբակալել են Արրաս կայանում ՝ Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում: Նրա ձեռքին եղել են հրազենային զենք ու դանակ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Կրակողին բռնել են երկու ամերիկացի զինվորներ, երբ նա պատրաստվում էր կրակ բացել Կալաշնիկով հրացանից ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցների հաղորդագրություններով, գնացքում ուղեւորների վրա հարձակվելու մեջ կասկածվող տղամարդը ծնունդով կամ ծագումով Մարոկկոյից է եւ նախկինում եղել է ֆրանսիացի իրավապահների ուշադրության կենտրոնում:
ՌԻԱ նովոստին ճշգրտում է, որ զինվորականները նույնպես վիրավորում են ստացել՝ մեկը հրազենային, մյուսը դանակային:
Երրորդ տուժածը ֆրանսիացի դերասան Ժան Յուգ Անգլադն է, ով նկարահանվել է Լյուք Բեսսոնի «Նիկիտա» ու «Լեոն» ֆիլմերում, նաեւ «Սոպրանոների գերդաստանը» սերիալում:
Դերասանը, ով BFMTV հեռուստաալիքի տվյալներով թեթեւ վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնեւը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին, իսկ գնացքում կատարված հրաձգությունը անվանել է «բարբարոսական ակտ»՝ հասկացնելով, որ խոսքը ահաբեկչության մասին է: Զինվորականներին շնորհակալություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Հետաքննությունը հանձնարարել են Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանմանը: