Ադրբեջանում ազգային արժույթի հերթական արժեզրկումը կլինի 20-25 տոկոս. փորձագետ
ՄիջազգայինՓորձագետների կանխատեսումներով` Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի նկատմամբ դոլարի ճնշումն ամեն օր ավելանում է, եւ մանաթը չի կարողանալու դիմանալ դրան: Մանաթի ներկայիս փոխարժեքի պահպանման համար Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը հասել է վերջանալու մակարդակի: Մասնագետների գնահատմամբ` փետրվարյան 34 տոկոս արժեզրկումից հետո մանաթի երկրորդ արժեզրկումն անխուսափելի է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ ամենայն հավանականությամբ, իշխանություններն այդ քայլին կգնան աշնանն անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Ըստ թերթի` Ադրբեջանի իշխանությունն աշխատում է ընտրությունների գնալ կայուն մանաթով, սակայն, համաշխարհային շուկայում նավթի գների սրնթաց անկումն ամրապնդում է դոլարի դիրքերը, ինչը լուրջ ճնշում է գործադրում նավթի արտահանումից կախված տնտեսությամբ երկրների, այդ թվում` Ադրբեջանի վրա:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիեւը Ադրբեջանում մանաթից պահ առաջ ազատվելու, բնակչության դոլարային իրարանցման հետ կապված ասել է, որ բանկերում դոլար չլինելը կապված է ոչ թե շարքային քաղաքացիների կողմից դոլար գնելու հետ, ինչը փոքր չափի է, այլ ստվերային մեծ չափերի հասնող փոխանակումների հետ:
Փորձագետն անխուսափելի է համարել մանաթի երկրորդ արժեզրկումն այս տարի:
«Այս անգամ արժեզրկումը կլինի 20-25 տոկոսի սահմաններում: Հնարավոր է` կառավարությունը գնա փափուկ արժեզրկման: Սակայն, եթե իրավիճակն անելանելի դառնա, կտրուկ արժեզրկումն անխուսափելի կլինի», -ասել է նա:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով` միայն հուլիսին բանկի արտարժույթի պահուստը 18,7 մլն դոլարով նվազել է: Փետրվարի 21-ի մանաթի արժեզրկումից հետո ԿԲ-ի արտարժույթի պահուստը 3 մլրդ դոլարով նվազել է, իսկ տարեկան կտրվածքով` 6,6 մլրդ դոլարով: