Ադրբեջանում ընդդիմադիրների ձերբակալությունների նոր փուլ է սկսվել
ՄիջազգայինԱդրբեջանի Մինգեչաուր քաղաքում, որտեղ երկու օր առաջ զանգվածային բողոքի ցույցերի եւ ոստիկանության հետ բախումների պատճառով ներքին զորքեր են մտցվել, ընդդիմադիրների ձերբակալություններ են սկսվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ոստիկանություն են կանչվել Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության ակտիվիստ Էմիլ Ջաֆարովն ու նրա եղբայրը` Փարվին Ջաֆարովը: Վերջինս 20 օրով ձերբակալվել է: Բացի այդ, աշխատանքից զրկվել է Էմիլ Ջաֆարովի կինը: Ոստիկանություն բերման է ենթարկվել նաեւ Մինգեչաուրում կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Գարա Հախվերդիեւը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Մինգեչաուրի բնակիչներն օգոստոսի 24-ից բողոքում են այն բանի համար, որ քաղաքի ոստիկանական բաժանմունքում երկու օր առաջ դաժանաբար ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացել է 27-ամյա Բահրուզ Հաջիեւը: Երիտասարդի հուղարկավորությունից հետո հարյուրավոր մարդիկ շարժվել են դեպի ոստիկանական բաժանմունք, որտեղ տեղի է ունեցել Բահրուզ Հաջիեւի սպանությունը: Զոհվածի հարազատները քաղաքի դիարանի առաջ ծեծի են ենթարկել քաղաքային դատախազության դատախազ Ռաշադ Օրուջեւին, որին մեղադրել են երիտասարդի բացարձակ սպանությունը կոծկելու մեջ:
Քաղաքում ոստիկանության հետ բախումների սկսվելուց հետո իշխանությունները ներքին զորքեր են մտցրել Մինգեչաուր, որոնց հետ բախումներում 4 ոստիկան վիրավորվել, 21 մարդ ձերբակալվել է: 27-ամյա Բահրուզ Հաջիեւը զոհվել է 20 րոպե անց այն բանից հետո, երբ նրան հարցաքննության են բերել ոստիկանություն: Ադրբեջանի ՆԳՆ-ը հայտնել է, որ Բահրուզ Հաջիեւը ոստիկանություն հարցաքննության է տարվել «թմրանյութերի առեւտրի եւ օգտագործման կասկածանքով», եւ հարցաքննության ժամամակ «նա հանկարածակի դուրս է նետվել շենքի պատուհանից եւ տեղում մահացել», սակայն զոհվածի հարազատները հայտարարում են, որ Բահրուզ Հաջիեւը սպանվել է խոշտանգումների հետեւանքով եւ որպես դրա ապացույց բերում են զոհվածի խոշտանգված մարմնի` դիարանում արված լուսանկարները, որոնք հրապարակել են նաեւ ադրբեջանական մամուլում: