PKK-ն Թուրքիայում 600 հոգանոց մահապարտների խումբ է ստեղծել
ՄիջազգայինՍիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի դեմ Թուրքիայի զինված ուժերի իրագործած օդային հարվածներից հետո PKK-ն ուժեղացրել է Թուրքիայի տարածքում իր գործողութունները:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, PKK-ն Թուրքիայում գործողությունների համար 600 հոգանոց մահապարտների խումբ է ստեղծել եւ այն անվանել «Անմահ Ափոյի ֆիդայինների գումարտակ» (Ափո - PKK-ի ցմահ ազատազրկված առաջնորդ Աբդուլլա Օջալան):
Նշվում է, որ PKK-ի մահապարտների խմբի մեծ մասը կանայք են: Խումբը ձեւավորվել է իրաքյան Քուրդիստանում գտնվող PKK-ի ճամբարներում եւ գործողությունների համար սպասում է հրամանի:
PKK-ն 1984 թվականից սկսած պայքարում է Թուրքիայում քրդական ինքնավարություն ստեղծելու համար:
Թուրքական մամուլի համաձայն` ներկայում Թուրքիայի տարածքում PKK-ն 2500 զինյալներ ունի: Թուրքիայից դուրս PKK-ի զինյալները թիվը նշվում է 9 հազար: