ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում կքննարկի դաշինքին Վրաստանի ինտեգրացման հարցերը
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ենս Ստոլտենբերգը օգոստոսի 26-ին Վրաստան երկօրյա այցի ընթացքում հանրապետության իշխանությունների հետ կքննարկի Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:
«Ստոլտենբերգը Թբիլիսիում կքննարկի ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման հետ կապված բոլոր հարցերը եւ այդ ուղղությամբ պլանավորված քայլերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը վրացական Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է, որ Ստոլտենբերգը Վրաստանի ղեկավարությանը կհորդորի «շարունակել ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման բարդ գործընթացը»: «ՆԱՏՕ-ն պաշտպանում է վրաց-ռուսական երկխոսությունը «Աբաշիձե-Կարասին» ձեւաչափով,- ընդգծել է նա:- Երկու երկրների հարաբերություններում նոր բարդացումից խուսափելու համար Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսությունն այլընտրանք չունի&ra quo;:
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունում ճշտել են, որ դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլիի եւ պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ: Բացի այդ, Ստոլտենբերգը կմասնակցի Թբիլիսիի մերձակա Կրծանիսիում Վրաստանի պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի տարածքում ուսուցման եւ գնահատման ՆԱՏՕ-Վրաստան համատեղ կենտրոնի շնորհանդեսին:
Խիդաշելիի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը եւ կենտրոնի բացումը «մեծ նշանակություն ունի Վրաստանի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: