Իտալական Eni-ն գազի խոշորագույն հանքավայր է հայտնաբերել Միջերկրական ծովում
ՄիջազգայինՆավթի- գազի իտալական Eni ընկերությունը հաղորդել է Միջերկրական ծովում գազի խոշորագույն հանքավայրի հայտնաբերման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հանքավայրի պաշարները գնահատվում են 30 տրիլիոն խորանարդ ֆուտ (մոտավորապես 849,5 մլրդ խորանարդ մետր) գազ: Այն հայտնաբերվել է «Զուհր» երկրահետախուզական նախագծի շրջանակներում եւ գտնվում է Եգիպտոսի ծովային տնտեսական գոտում, 100 քառակուսի կիլոմետր տարածքում եւ 1450 մետր խորության վրա: Դրա շահագործման իրավունքն իտալական ընկերությունն ստացել էր 2014 թվականի հունվարին՝ շահելով Կահիերի կողմից անցկացված հայտամրցույթը:
Eni-ի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ դա «պատմության մեջ գազի խոշորագույն հանքավայրի հայտնագործումն է Եգիպտոսում եւ Միջերկրական ծովում»: «Այդ գերվիթխարի հանքավայրը կարող է դառնալ աշխարհում բնական գազի հետախուզված պաշարներից խոշորագույններից մեկը,- նշվում է կոնցեռնի հայտարարության մեջ:- Դրա ամբողջական շահագործումից հետո այն կկարողանա տասնյակ տարիներ բավարարել Եգիպտոսի բնական գազի պահանջմունքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: