Էբոլա տենդից մահվան նոր դեպք է գրանցվել Սիեռա Լեոնեում
ՄիջազգայինԷբոլա տենդից մահվան նոր դեպք է գրանցվել Սիեռա Լեոնեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Գործակալության տվյալներով՝ 67-ամյա կինը օգոստոսի 29-ին մահացել է երկրի հյուսիս-արեւմուտքի Կամբիա քաղաքի մերձակա Կաֆտա գյուղում: Մահվանից հետո նրա մոտ հայտնաբերվել է Էբոլա վիրուս: Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի տեխնիկական համակարգող Մարգարեթ Լամունուն, հիվանդը բուժվել է տանը, ինչն իր հերթին երկյուղներ է ծնում, որ կարող են գրանցվել վարակման նոր դեպքեր:
«Սա հետքայլ է եւ հիասթափություն, բայց դա անակնկալ չէր, քանի որ տեղի է ունեցել Գվինեայի հետ սահմանում»,- գործակալությունը մեջբերել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսի խոսքը: Նա նաեւ նշել է, որ երկրի հյուսիսային մասում պատվաստումներ կանցկացվեն տենդի դեմ:
Էբոլա տենդի բռնկումը գրանցվել Է 2014 թվականի փետրվարին Գվինեայում, որտեղից վիրուսը տարածվել է հարեւան Սիեռա Լեոնե եւ Լիբերիա: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո այդ երեք երկրներում հիվանդությունից մահացել է 11 հազար 145 մարդ, վտանգավոր վիրուսով վարակվել են եւս 27 հազար 135 բնակիչներ: 2015 թվականի մայիսի 9-ին Լիբերիան պաշտոնապես «ազատ է հայտարարվել Էբոլայից»: Սակայն այդ հիվանդությունն առայժմ հաղթահարված չէ Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: