Մոտ 50 փախստականներ Հունգարիայում շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով իրենց ուղարկել Գերմանիա
Միջազգայինtert.am-ը գրում է.
Մոտ 50 փախստականներ շարունակում են բողոքի ակցիան Հունգարիայի հարավում՝ պահանջելով իրենց ուղարկել գերմանական ճամբարներ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Փախստականների ճամբարը գտնվում է Սերբիայի սահմանին մոտ՝ Հունգարիայի հարավում։ Ավելի վաղ այնտեղ գնչուներ են բնակվել, սակայն վերջին տարում այն վերածվել է Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ժամանող փախստականների ապաստանի։ Այժմ ճամբարում մոտ 3000 մարդ է պահվում։
Հունգարական իշխանությունները հրաժարվում են նրանց թույլատրել մուտք գործել երկրի խորքերը, իսկ փախստականներն էլ, իրենց հերթին, պահանջում են, որ իրենց ուղարկեն Գերմանիա։
Ուրբաթ փախստականներ կոտրել էին ճամբարի դարպասն ու ոստիկանների հետ բախումներից հետո հարյուրավոր փախստականներ կարողացել էին ազատություն ստանալ։ Ոստիկանությունը կարողացել էր նրանց մի մասին վերադարձնել ճամբար, սակայն մնացածին հաջողվել էր թաքնվել։
Բացի այդ, մոտ 50 փախստականներ հրաժարվել են վերադառնալ ճամբարի տարածք։ Նրանք բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ուղարկել Գերմանիա կամ Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներ։ Ականատեսների խոսքով՝ ոստիկանները դեռ քայլեր չեն ձեռնարկում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ միայն շաբաթ օրը երկիր է ժամանել ևս 3300 փախստական։ Իշխանություններն ակնկալում են, որ այդ հոսքը կշարունակվի։ Օրբանը նախազգուշացրել է, որ իր երկրի տարածքով փախստականների հոսքը «հավերժ» շարունակվել չի կարող և ԵՄ այլ երկրների օգնությամբ կփակեն սահմանը։