Անօրինական գաղթի խնդիրն է Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում բացվող նստաշրջանի ուշադրության կենտրոնում
ՄիջազգայինԵվրամիություն փախստականների ներհոսքի հետ կապված իրադրությունը, «վեցյակի» եւ Իրանի միջեւ պայմանագիրը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնախնդիրներն են լինելու Եվրախորհրդարանի՝ սեպտեմբերի 7-ին Ստրասբուրգում բացվող չորսօրյա սեպտեմբերյան նստաշրջանի ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հանրակցության իրադրության վերաբերյալ զեկույցով պատգամավորների առջեւ հանդես կգա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Սպասվում Է, որ հատուկ ուշադրություն կդարձվի Եվրոպա անօրինական միգրանտների ներհոսքի՝ օրեցօր սրվող հիմնախնդրին: Պատգամավորները կքննարկեն միգրանտներին շտապ օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցերը:
Նստաշրջանի վերջին օրը կայանալիք բանավեճերի ընթացքում կարծարծվի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նորմերի ոլորտի իրադրությունը Անգոլայում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: