Էրդողանի կողմնակիցները հարձակվել են «Հուրիեթ»-ի խմբագրության վրա
ՄիջազգայինԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները հարձակում են գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` իշխող կուսակցության ներկայացուցիչներից բաղկացած 200 հոգանոց խումբը հարձակվել է պարբերականի գլխավոր խմբագրատան վրա: Սեպտեմբերի 6-ի գիշերը` Թուրքիայի ժամանակով 23:15-ին, բողոքարարները, կոտրելով արգելապատնեշը, փորձել են մտնել շենք: Անվտանգության աշխատակիցները մեծ դժվարությամբ և ուժի կիրառմամբ կարողացել են թույլ չտալ նրանց մուտքը շինություն: Այդուհանդերձ, ցուցարարները կոտրել են շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր են նետել:
Ոստիկանության ժամանելուց հետո, բազմությունը դարձյալ չի հեռացել և, շենքի դիմաց մնալով, տարբեր կարգախոսեր է հնչեցրել ԱԶԿ-ի և Էրդողանի օգտին:
Հարձակումից հետո երկրի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն զանգահարել է խմբագրություն և, խոսելով «Հուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինի հետ, կատարվածը մեծ ամոթ է անվանել թուրքական ժողովրդավարության համար: