Համայնքների պալատը հավանություն տվեց ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկության արդյունքում հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
Կառավարությունը մայիսի վերջին խորհրդարան օրինագիծ էր ներկայացրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի մասին: Օրինագծում հանրաքվեի հարցն սկզբնապես ձեւակերպված էր այսպես. «Միացյալ Թագավորությունը պետք է արդյոք մնա Եվրամիության անդամ»: Հանրաքվեի անցկացման ժամկետի վերաբերյալ նշվել է՝ «2017 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ»:
Քվեարկության ընթացքում սահմանված ժամկետում հանրաքվե անցկացնելու օգտին արտահայտվել է պալատի 316 անդամ, 56-ը «դեմ» են քվեարկել: Այժմ այդ հարցը ներկայացվելու է խորհրդարանի վերին պալատի քննարկմանը:
Ավելի վաղ քվեարկության արդյունքում խորհրդարանի ստորին պալատը չի պաշտպանել հանրաքվեի անցկացման այն պայմանները, որոնք առաջարկել էր երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Այդ արդյունքին հանգեցրած տարաձայնությունները վերաբերում էին, մասնավորապես, այն ժամանակաշրջանին, որի ընթացքում չպետք է հրապարակվի տեղեկատվություն, որը կարող է ազդել քվեարկողների դիրքորոշման վրա, եւ հարցերի ձեւակերպմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: