Պորոշենկոն քննության կառնի Սահակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու հանրագիրը
ՄիջազգայինՕդեսայի պետական մարզային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու վերաբերյալ հանրապետության նախագահի վարչակազմի կայքում զետեղված հանրագիրը հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունը: Այժմ, կանոնակարգին համաձայն, այն պարտավոր է պաշտոնապես քննության առնել հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Սահակաշվիլին քանիցս հայտարարել Է, որ իրեն չի տեսնում հանրապետության վարչապետի դերում::
«Կարծում եմ, որ այս փուլում Ուկրաինայի վարչապետ պետք է լինի այն մարդը, ով նախ եւ առաջ լավ է գլուխ հանում ֆինանսական հարցերից, ֆինանսական համակարգից եւ ընդսմին նա պետք է օրինավոր մարդ լինի եւ լիովին պաշտպանված օլիգարխական շահերից: Այդ ամենը ես ունեմ, բայց, կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր ինձանից ավելի լավ են հասկանում այդ հարցերում»,- ասել է նա ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում: Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Ուկրաինայում իշխանությունը կաթվածահար վիճակում է եւ «հարկավոր է Ուկրաինայի կառավարության ամբողջական վերաբեռնում բոլոր մակարդակներով»:
Ուկրաինացի քաղաքագետներն իրենք Էլ վստահ են, որ չի կարելի լրջորեն խոսել Սահակաշվիլիի վարչապետության հեռանկարների մասին: «Թեեւ Ուկրաինայի քաղաքականության մեջ հնարավոր է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, այդուհանդերձ, ես հազիվ թե լրջորեն խոսեի պարոն Սահակաշվիլիի վարչապետության հեռանկարների մասին»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է «Երրորդ սեկտոր» կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարյովը: