Միապետության հավերժ պահպանման օգտին հանդես է գալիս բրիտանացիների 70 տոկոսը
ՄիջազգայինՏասը բրիտանացիներից յոթը հանդես են գալիս միապետության հավերժ պահպանման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Sky News արբանյակային հեռուստաալիքի 1117 հանդիսատեսների օգոստոսյան հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 9-ին: «70 տոկոսը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան ընդմիշտ մնա միապետություն: 73 տոկոսն այն կարծիքին է, որ միապետական ինստիտուտը բրիտանական մշակույթի անքակտելի մասն է: 58 տոկոսը թագուհուն ավելի շատ է վստահում, քան քաղաքական գործիչների մեծամասնությանը: Հարցվածների միայն 21 տոկոսն է ասել, որ միապետությունը փողերի անհարկի վատնում է, իսկ 61 տոկոսը համաձայն չէ այդ պնդմանը: Նաեւ 61 տոկոսը կարծում է, որ միապետությունը դեռեւս կարեւոր դեր է խաղում բրիտանական պետության գործունեության մեջ»,- հայտնել է հեռուստաալիքը՝ ամփոփելով հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները:
Հարցումը նվիրված էր սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ II թագուհու կողմից գահակալության տեւողության բացարձակ ռեկորդի սահմանմանը: Գործող ռեկորդը, որը կազմում է 63 տարի, 7 ամիս եւ երկու օր, դեռեւս պատկանում է Վիկտորյա թագուհուն: Ներկայիս թագուհին այդ նվաճումը կգերազանցի Լոնդոնի ժամանակով ժամը 17:30-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 20:30-ին):
Ռեկորդի սահմանման նախաշեմին բրիտանական ԶԼՄ-ները Նորին մեծության հպատակներին զարմացրել են թագուհու կյանքից քաղված անսովոր փաստերի հավաքածուով: Այսպես, Daily Telegraph թերթը սեպտեմբերի 9-ին հաղորդել է, որ ռեկորդի սահմանման պահին Եղիսաբեթ II-ը գահին կլինի 23 հազար 236 օր կամ 33 մլն 446 հազար 430 րոպե: Հրատարակության տեղեկատվությամբ՝ կառավարման 63 տարվա ընթացքում թագուհին դարձել է 12 վարչապետների պաշտոնավարման վկան, 56 անգամ հանդես է եկել Սուրբծննդյան հեռուստաուղերձով, մասնակցել է 23 նավերի հանդիսավոր ջրարկմանը, ունեցել է կոռգի ցեղատեսակի 30 շուն, ինչպես նաեւ ուղարկել է 380 հազար հեռագիր եւ բաժանել 78 հազար Սուրբծննդյան պուդինգներ: Թերթը հիշեցրել է, որ Եղիսաբեթ II-ը սովորել է ավտոմեքենա վարել 1945 թվականին, որ նա երբեք անձնագիր չի ունեցել, ինչպես նաեւ նրա հասակը կազմում է 160 սանտիմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: