Թուրքական ոստիկանությունը թույլ չի տալիս Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությանը մտնել Ջիզրե
ՄիջազգայինԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 9-ին ճանապարհ էր դուրս եկել Ջիզրե հասնելու համար, շարունակում է ճանապարհը ոտքով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» պարբերականը, պատվիրակության կազմում են քրդական կուսակցության երկու նախարարները` զարգացման նախարար Մուսլում Դողանը և ԵՄ հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան, և պատգամավորներ, այդ թվում և կուսակցությունից ընտրված միակ հայ պատգամավոր Գարո Պայլանը:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանությունը կանգնեցրել էր քրդական կուսակցության պատվիրակության մեքենաները Միդյաթում` հայտնելով, որ Ջիզրեում գործում է փողոց դուրս գալու արգելքը, և իրենց չեն կարող թույլ տալ գնալ այդտեղ: Պատվիրակության անդամները Միդյաթից, որտեղից Ջիզրե հեռավորությունը 90 կիլոմետր է, սկսել են քայլել ոտքով: Մոտ 8 ժամվա ընթացքում քրդական քաղաքական ուժի ներկայացուցիչները հասել են Իդիլ, որը գտնվում է Ջիզրեից 20 կմ հեռավորության վրա:
Սեպտեմբերի 10-ին նրանք շարունակել են իրենք քայլերթը լեռնային ճանապարհներով, քանի որ սովորական ճանապարհներում ոստիկանությունը նրանց թույլ չի տվել առաջ գնալ: Ջիզրեից 1 կիլոմետր հեռավորության վրա ոստիկանները կրկին շրջափակման մեջ են առել քրդական կուսակցության ներկայացուցիչներին և այս պահին թույլ չեն տալիս առաջ գնալ: