Ջիզրեում ահաբեկչական հարձակումից 5 թուրք ոստիկան է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի Շընաք նահանգի նահանգապետարանը հայտարարություն է արել Ջիզրեում ահաբեկչական խմբավորման կողմից ոստիկանության դեմ իրականացված հարձակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ջիզրեում իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 5 թուրք ոստիկան: Ահաբեկչությունն իրականացրած անձանց հայտնաբերելու նպատակով թուրքական իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել:
Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է: Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Դադարեցվել է հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը: Նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Փողոց դուրս գալու արգելքի պատճառով Ջիզրե չեն գնում շտապօգնության հաշվարկները: Մեկ շաբաթվա ընթացքում´ Ջիզրեում զոհվել է 14 քաղաքացի, շատերը վիրավորվել են:
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը սեպտեմբերի 9-ից ճանապարհ է դուրս եկել Ջիզրե հասնելու համար, սակայն ոստիկանությունը Ջիզրեից 1 կմ հեռավորության վրա վերջնականապես թույլ չի տալիս նրանց մտնել գավառ: Քրդական կուսակցության պատվիրակության կազմում է նաև Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Պայլանը: Պատվիրակությունը ղեկավարում է կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: