Հունաստանի տնտեսության կանոնավորման ծրագիրը կշարունակվի. Եվրախմբի ղեկավար
ՄիջազգայինՀունաստանի տնտեսության կանոնավորման ծրագիրը շարունակվում է՝ չնայած երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հունական կողմը տեղյակ է պահել Եվրախմբին, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը։
Ֆինանսական օգնության ծրագիրը հավանություն էր ստացել օգոստոսի 19-ին։ Սակայն դրանից հետո Հունաստանի հրաժարական տված վարչապետ Ալեքսիս Ցիպրասը արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր նշանակել։ Դա արվել էր այն բանից հետո, երբ Սիրիզա կուսակցության պատգամավորների մի մասը չէր պաշտպանել վարկատուների հետ նոր հուշագիր ստորագրելու Ցիպրասի որոշումը։ Այդ որոշման համաձայն՝ Հունաստանը 86 մլրդ եվրո ֆինանսական օգնության դիմաց պարտավորվում էր կոշտ տնտեսման քաղաքականություն վարել, գրում է ՏԱՍՍ-ը։