Փախստականների պատճառով Մյունխենը հայտնվել է կոլապսի եզրին. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԳերմանիայի Մյունխեն քաղաքը գտնվում է «կոլապսի եզրին» փախստականների անդադար հոսքի պատճառով: Նման ձևակերպում է ներկայացրել գերմանական Bild թերթը: Ոստիկանությունում հայտնել են, որ միայն նախորդ օրվա ընթացքում քաղաքի գլխավոր կայարան է ժամանել 12.200 մարդ, հոսքը չի դադարում մինչ այս պահը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Առավոտյան ժամերին Մյունխեն է ժամանել 750 մարդ: Հանգստյան օրերին այդ թիվը կարող է գերազանցել 40.000-ը: Այս պահին արդեն քաղաքում զգացվում է եկածներին տեղավորելու տեղերի լուրջ անբավարարություն: Քաղաքային իշխանությունները պատրաստվում են Օլիմպիական այգու տարածքում սպորտային հաստատությունները տրամադրել որպես կացարաններ:
«Դեռևս հայտնի չէ՝ ինչպես ենք մենք սա հաղթահարելու»,- նշել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Քրիստոֆ Հիլենբրանդը:
Դեռևս մեկ շաբաթ առաջ նա զգուշացնում էր, որ Մյունխենը գտնվում է իր հնարավորությունների եզրին:
Կայարանի հարևանությամբ հերթապահում են կամավորներ, տասնյակ ոստիկաններ, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: