Ադրբեջանում բերման ենթարկված 3 լրագրողներն ազատ են արձակվել
ՄիջազգայինԱդրբեջանի օդանավակայանից սեպտեմբերի 20-ի գիշերը բերման ենթարկված երեք լրագրողներն ազատ են արձակվել։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Meydan TV-ի աշխատակիցներ Սևինջ Վագըֆգըզըն, Այթեն Ֆարհադովան և Իզոլդա Աղաևան ազատ են արձակվել Ադրբեջանի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից։
Չնայած նրանք բերման էին ենթարկվել գիշերը՝ լրագրողներին հարցաքննել են միայն կեսօրին։
«Մեզ հարցաքննեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Մուրադ Գուլիևը։ Հարցաքննությունը հիմնականում եղել է Մինգեչաուրի դեպքերի, ինչպես նաև Meydan TV-ի գործունեության մասին: Մենք ասել ենք, որ արդեն նմանատիպ հարցաքննության մասնակցել ենք ծանր հանցագործությունների գործով գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից: Իսկ մեզ ասացին, որ որոշ պահեր իրենք են քննելու»,-պատմել է Վագըֆգըզըն՝ նշելով, որ բերման ենթարկվելու ընթացքում իրենցից վերցված անձնական իրերը, գումարն ու լրագրողական գործիքները հետ են վերադարձվել։
Հիշեցնենք, որ լրագրողները բերման էին ենթարկվել Կիևից վերադառնալուց հետո՝ օդանավակայանից։
Դրանից հետո ոստիկանությունը լրագրողներին տեղափոխել է ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հարցաքննության։
Հենց նույն գերատեսչության կողմից 30-օրյա վարչական կալանքի էր դատապարտվել նույն հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից Շիրին Աբասովը: Ձերբակալվել էր նաև լրագրող Այթաջ Ահմեդովան։