Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների հետ
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Հավանայում կիրակի օրը հանդիպել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ։ Զրույցը տեղի է ունեցել «դեմ առ դեմ» ձեւաչափով՝ Հեղափոխության պալատում, որի առջեւ Հռոմի պապը դրանից մի քանի ժամ առաջ պատարագ էր տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թե իրենց զրույցի ժամանակ ինչ թեմաների են անդրադարձել Սուրբ գահի ղեկավարն ու Կուբայի առաջնորդը ՝ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ բանակցություններից հետո զրուցակիցները նվերներ են փոխանակել։ Հետո Հռոմի պապը մեկնել է Հավանայի մայր տաճար՝ երեկոյան պատարագի։
Ավելի վաղ ՝ կիրակի օրը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հաղորդակցվել էր Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ։ Հանդիպումը անցել էր ոչ պաշտոնական ու ջերմ մթնոլորտում։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել էր Ազատության կղզի սեպտեմբերի 19–ին։ Իր այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ երեքշաբթի օրը, Հռոմի պապը պատարագներ կտա Օլգին ու Սանթյագո –դե– Կուբա քաղաքներում, նաեւ կայցելի կուբայացիների համար սրբազան վայրեր։