Էրդողանը թուրքական խորհրդարանում «միայն տեղացի» պատգամավորներ է ցանկանում տեսնել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն իր բոլոր ելույթներում մշտապես հանդես է գալիս իբր որպես «անկողմնակալ նախագահ», երեկ Ստամբուլում կազմակերպված` «Միաձայն` ահաբեկչության դեմ» հանրահավաքում հայտարարել է, որ ցանկանում է թուրքական խորհրդարանում տեսնել «միայն տեղացի» պատգամավորների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber-ը, հանրահավքում ունեցած ելույթում Էրդողանը քննադատել է թուրքական խորհրդարանում 80 պատգանավորներ ունեցող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) Քուրդիստանի դրոշ պարզելու, իշխանությունների դեմ հանդես գալու եւ այլ «մեղքերի» համար, եւ բոլորին կոչ արել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկել ԺԴԿ-ի օգտին:
«Ես ուզում եմ, որպեսզի թուրքական խորհրդարանում լինեն միայն 550 տեղացի պատգամավորներ: Հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ներկայում Թուրքիան միայն դրա կարիքն ունի», -ասել է Էրդողանը:
Թուրքիան 12 տարի որպես վարչապետ, արդեն երկու տարի էլ որպես նախագահ ղեկավարող Էրդողանի միակ նպատակը երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) միանձյնա իշխանության շարունակումն է:
Էրդողանի այդ հայտարարության հետ կապված անմիջապես քննադատական ելույթներով հանդես են եկել ԺԴԿ-ի մի շարք պատգամավորներ:
ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքանը հարցով դիմել է Էրդողանին, թե որպես ազգությամբ քուրդ պատգամավորի, արդյո՞ք նա իրեն տեղացի է համարում: Ազգությամբ թուրք մի այլ ԺԴԿ-ական` Ալի Քենանօղլուն Էրդողանին հղած ուղերձում հարցրել է, թե որպես ԺԴԿ-ի թուրք պատգամավոր, ինքը տեղացի է համարվում, թե ոչ:
ԺԴԿ-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը ԱԶԿ-ի կառավարությանն ու նախագահական պալատին քննադատել է փոքրամասնությունների հարցում նախորդ կառավարությունների եւ նախագահների որդեգրած ճնշիչ քաղաքականությունը շարունակելու համար:
«ԱԶԿ-ը պատերազմական հանցագործություն է կատարում: Սա վերջին կետն է: Ուրիշներն այս կետում պաշտոնաթող արվեցին եւ հեռացան: Այժմ հերթը սրանցն է», -ասել է նա:
Յուքսեքդաղը թուրքական իշխանութուններին քննադատել է ԺԴԿ-ի նկատմամբ համապարփակ գրաքննություն իրագործելու համար եւ հայտարարել, որ հակառակ դրան, ԺԴԿ-ն նպատակադրվել է նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանալ ընտրողների 15-20 տոկոս ձայները եւ խորհրդարանում իրենց պատգամավորների թիվը 80-ից հասցնել 130-ի: