Ֆրանսիայում քանդել են անօրինական փախստականների ճամբարները
ՄիջազգայինՖրանսիայի Կալե քաղաքում քանդել են անօրինական փախստականների մի քանի ճամբարներ: Դրանք տեղակայված էին Լա-Մանշի նեղուցի տակ գտնվող թունելի շրջանում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դեռեւս տարեսկզբին ստեղծված ճամբարները քանդել են տեղի իշխանությունների որոշմամբ: Կալեի նավահանգստի մոտ հիմնած ճամբարների վրաններում շուրջ 400 մարդ է ապրում, որոնց փոխարենը որեւէ ապաստան չեն տրամադրել:
Բացի այդ, շուրջ 50 փախստականներ, հիմնականում՝ սիրիացիներ, փորձել են նավահանգստի տարածքում նստացույց անցկացնել: Ոստիկանությունը ցույցը ցրելիս արցունքաբեր գազ է կիրառել:
Ըստ AFP-ի, ներկայում փախստականների խմբերը, այդ թվում՝ մեծ թվով կանայք եւ երեխաներ, Կալեի կենտրոնում թափառում են հորդառատ անձրեւիկ տակ: Քաղաքի արվարձաններում միգրանտները փորձում են նոր ճամբար հիմնելու վայր գտնել:
Ոչ պաշտոնական տվյալներով, Կալեի շրջանում շուրջ 4 հազար փախստական եւ ապօրինի ներգաղթյալ կա Աֆղանստանից, Սիրիայից, Արեւելյան Աֆրիկայի երկրներից: Այստեղից նրանք փորձում են մեկնել Մեծ Բրիտանիա, որտեղ ավելի դյուրին կարող են կեցության իրավունք, փախստականի կարգավիճակ ստանալ, օգտվել բժշկական եւ սոցիալական օգնությունից: