Թուրքիայի գործողությունների մեծ մասը թիրախավորում է ոչ թե ԻՊ-ին, այլ PKK-ին. ԱՄՆ
ՄիջազգայինԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից իրականացվող օդային գործողությունների մեծ մասն ուղղված են ոչ թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման, այլ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ, սակայն, ԱՄՆ-ն գտնում է, որ Թուրքիան ավելի շատ պետք է նախաձեռնություն ստանձնի ԻՊ-ի դեմ պայքարի հարցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Քարտերն այս մասին խոսել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում ունեցած ելույթում:
«Թուրքիայի ռազմական գործողությունների մեծ մասը թիրախավորում է ոչ թե ԻՊ-ին, այլ` PKK-ին, այնինչ ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ այդ գործողսություններն ուղղվեն հենց ԻՊ-ի դեմ», -ասել է նա:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իրենք սպասում են, որ Թուրքիան հետապնդի ԻՊ-ի ղեկավարներին եւ աջակիցներին:
«ԻՊ-ի ոչնչացումը ԱՄՆ-ի կարեւորագույն առաջնայնություններից մեկն է: Մենք Թուրքիայից ակնկալում ենք, որ ավելի շատ բան անեն այդ ուղղությամբ», -նշել է նա:
Ընդգծելով, որ Թուրքիան Իրաքի եւ Սիրիայի կողքին գտնվող երկիր է՝ Էշթոն Քարտերը հավելել է, որ ԻՊ-ի դեմ գործողութուններին Թուրքիայի կողմից բավարար աջակցություն չտրվելը կարող է «լուրջ խնդիր» դառնալ: