Պուտինն անձամբ է գործարկել Կուբանից Ղրիմ ձգվող էներգակամուրջը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես տվել է Կուբանից Ղրիմ ձգվող նոր էներգակամրջի առաջին ճյուղի աշխատանքի մեկնարկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Սիմֆերոպոլում «Կրիմէներգո» ընկերության գրասենյակում նախագահը լսել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի զեկույցը, այնուհետեւ բարձրախոսի միջոցով հրահանգ է տվել գործարկել «Թաման-Ղրիմ» էներգակամրջի գիծը:
Սպասվում է, որ էներգակամրջի օգնությամբ Ղրիմը կստանա 400 մեգավատ էլեկտրաէներգիա: Ինչպես նշել է Նովակը, էլեկտրակամրջի երկրորդ հերթը կգործարկվի 2016 թվականին: Ակնկալվում է, որ դա թույլ կտա Ղրիմն ամբողջությամբ ապահովել ռուսական էլեկտրականությամբ:
Ներկայում Ղրիմի էլեկտրաէներգիայի պահանջմունքների 70 տոկոսն ապահովում է Ուկրաինան: Նոյեմբերին էներգիայի մատակարարումը դադարեցվել էր Ուկրաինայի տարածքում գտնվող էլեկտրահաղորդման գծերի հենասյուների պայթեցումից հետո:
Հենասյուների նորոգումն ու էլեկտրաէներգիայի մատակարարման վերսկսումը քանիցս հետաձգվում էր, քանի որ վնասված գծերը շրջափակել էին Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու դեմ բողոքող ակտիվիստները: