Գորբաչովը՝ ռուս-թուրքական կոնֆլիկտի մասին
ՄիջազգայինԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին անհանգստացրել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության սրումը: Նա երկու երկրների ղեկավարներին կոչ է արել ոչ թե սրել հարաբերությունները, այլ գնալ փոխզիջման և երկխոսության միջոցով հարթել կոնֆլիկտը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գորբաչովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների խորացման համար բավական շատ ջանքեր են գործադրվել, որի ակունքներում կանգնած է եղել նաև ինքը՝ ԽՍՀՄ նախկին առաջնորդը: Երբեմնի պետական ու ներկայիս քաղաքական գործչի կարծիքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների լարվածության ավելացումը կորստաբեր կլինի նրանց համար, ինչը նաև կարող է հարվածի տակ դնել ընդհանուր առմամբ Եվրոպայի հետ բազմակողմ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտն սկսվեց, երբ Թուրքիան խոցեց նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24» ռազմական օդանավը: Թուրքական իշխանությունները նման միջադեպի պատճառ են հայտարարում ռուսական օդանավի կողմից Թուրքիայի սահմանը խախտելը, մինչդեռ ռուսական կողմի պնդմամբ օդանավը եղել է Սիրիայի տարածքում և կործանվել Լաթաքիա քաղաքի մերձակայքում:
Պատրաստեց՝ Ա. Գրիգորյանը