Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորում է Ռուսաստանին անհապաղ վերջ դնել պատժամիջոցներին
ՄիջազգայինՊաշտոնական Անկարան անհրաժեշտ է համարում, որ Ռուսաստանը հնարավորինս շուտ վերացնի Թուրքիայի դեմ մտցված տնտեսական պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում:
«Տնտեսությունն ու առևտուրը մեր երկկողմ հարաբերություններում միշտ էլ առանձնահատուկ տեղ են գրավել: Կարծում ենք, որ սխալ է տեղի ունեցած ցավալի միջադեպի հետևանքով վատացնել մեր հարաբերությունները, որոնք երկար տարիների ընթացքում ամուր հիմք են ձեռք բերել»,- ասել է Չավուշօղլուն: Նա խորհուրդ է տվել սառնասրտորեն և հնարավորինս արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը:
«Մեր երկրների շահերի և դրանց ապագայի համար նպատակահարմար եմ գտնում վերանայել որոշված պատժամիջոցները, ինչպես նաև անհապաղ դրանք չեղյալ համարել: Հակառակ դեպքում տնտեսական միջոցներն ուղղակիորեն կազդեն երկու երկրների տնտեսությունների վրա և բացասական հետևանքներ կունենան ռուս ժողովրդի համար՝ ավելի, քան թուրքերի».- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: