Չավուշօղլու. Թուրքիան անվտանգ երկիր է եւ անվիզա ռեժիմը կասեցնելը սխալ է
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն սխալ է համարում 2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանի կողմից անվիզա ռեժիմը դադարեցնելու եւ ռուս զբոսաշրջիկների այցելությունների համար սահմանափակումներ մտցնելու որոշումը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան անվտանգ երկիր է։ «Թուրքիան բոլորի համար անվտանգ երկիր է։ Թուրքիան զբոսաշրջության ոլորտում կատարած ներդրումների շնորհիվ ամեն տարի ընդունում է ավելի քան 40 մլն օտարերկրյա զբոսաշրջիկների։ Այս տարի Թուրքիա է այցելել 3 մլն ռուսաստանցի։ Ակնհայտ է, որ ձեր նշած պատճառն ընդամենն առիթ է»,- ասել է արտգործնախարարը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Անկարան մեկնաբանում Թուրքիայում իրական ահաբեկչական սպառնալիքի առկայության պարագայում անվիզա ռեժիմի սահմանումը։
Չավուշօղլուն նշել է, որ Անթալիայում նոյեմբերին կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ չի գրանցվել ոչ մի միջադեպ։
«Լինելով Անթալիան ներկայացնող պատգամավոր՝ կուզեի նշել, որ զբոսաշրջությունը մեզ համար ուղղակի տնտեսական գործունեություն չէ։ Խոսքը լայն միջհասարակական մերձեցման մասին է, որը չափազանց դրական նշանակություն ունի։ Այդ մերձեցումը վերաբերում է եւ Անթալիա ժամանող ռուսաստանցիներին, խառը ամուսնություններին եւ այդ ամուսնություններից ծնվող երեխաներին։ Զբոսաշրջության ոլորտում սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան այդ հեռանկարների վրա»,- ասել է Չավուշօղլուն։