ԳՖՀ-ի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք
ՄիջազգայինԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեկտեմբերի 7-ին ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, ինչի մասին ավելի վաղ չէր հայտարարվել անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DPA-ին:
Գործակալության տվյալներով՝ ԱԳ նախարարը Գերմանիայի աջակցությունն է խոստացել Իրաքին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում:
«Իրաքի իրադրության կայունացումը նույնքան կարեւոր է, որքան եւ Սիրիայի համար քաղաքական լուծում գտնելը»,- հայտարարել է Շտայնմայերը ժամանումից հետո՝ հայտարարելով, որ Գերմանիան պատրաստ է օգնել Իրաքին ծանր ժամանակներում:
Պլանավորված են նախարարի հանդիպումներն Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի եւ երկրի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:
Դեկտեմբերի 4-ին Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում ֆրանսիացի գործընկերներին աջակցելու ԳՖՀ-ի կառավարության մտադրությանը: Ենթադրվում է, որ առաքելությունը կտեւի մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, դրա արժեքը կկազմի շուրջ 134 մլն եվրո, մանդատը նախատեսում է 1,2 հազար զինծառայողների մասնակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: