ՀԱՊԿ-ի կոմիտեն քննարկելու է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները եւ Թուրքիայի նկատմամբ միջոցները
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեն դեկտեմբերի 9-ին քննարկելու է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները եւ Թուրքիայի նկատմամբ ձեռնարկվող միջոցները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀԱՊԿ-ի կայքին:
ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ստեղծված ռազմական կոմիտեի նիստը դեկտեմբերի 9-ին կանցկացվի կոմիտեի նախագահ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ: Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիոկլայ Բորդյուժան եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ ձեռնարկվող միջոցները Թուրքիայի թշնամական գործողությունների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նիստում նաեւ կքննարկվեն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին վերաբերող հարցերը եւ ՀԱՊԿ-ի զորքերի կատարելագործման եւ կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդման առաջնարհերթ միջոցառումները: Նշվում է, որ դա կլինի ռազմական կոմիտեի ստեղծման պահից նրա արդեն յոթերորդ նիստը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: