Տայվանում դենգե տենդով հիվանդացածների թիվը գերազանցել Է 40 հազարը
ՄիջազգայինՏայվանի պատմության մեջ արեւադարձային դենգե տենդի ամենալուրջ բռնկմանն Է բախվել չինական այս խոշորագույն կղզին: Վտանգավոր վիրուսով հիվանդացածների թիվը սեզոնի սկսվելուց ի վեր այստեղ գերազանցել Է 40,5 հազարը, նրանցից 184-ը մահացել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին հայտնել են առողջապահության տեղական ծառայությունները:
Համաճարակաբանական իրավիճակը հատկապես ծանր Է Տայնան հարավարեւմտյան մունիցիպալիտետում (22 հազար 689 դեպք եւ մահվան 112 դեպք) եւ Գաոսյուն նավահանգստային քաղաքում (հիվանդության 17 հազար 92 դեպք եւ 70 մահացած):
Ներկայում կղզում օրական արձանագրվում Է վարակվելու շուրջ 200 նոր դեպք: Բժիշկները բարձր են համարում վարակի տարածման հետագա վտանգը, քանի որ Տայվանում ձմռան սկիզբը տաք ու խոնավ Է եղել: Եղանակային նման պայմանները նպաստում են մոծակների՝ հիվանդության հարուցիչների բազմացմանը:
Դենգե տենդը մոծակների խայթոցների միջոցով փոխանցվող վիրուսային ինֆեկցիա Է, որը գերակշռում Է արեւադարձային ու մերձարեւադարձային տարածաշրջաններում: Ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխի ու գոտկատեղի ցավերը: Տենդի հեմոռագիկ տեսակն ուղեկցվում Է ներքին ուժեղ արնահոսությամբ, ինչը պայմանավորված Է արյունատար անոթների կոլապսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: