Դավութօղլուն նամակ է հղել Իրաքի վարչապետին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Նամակում Դավութօղլուն վստահեցրել է, որ բոլոր պետություններն էլ հարգում են Իրաքի ինքնիշանությունն ու տարածքային ամբողջականությունը, հետևաբար և ոչ մի երկիր, այդ թվում և Թուրքիան, դրա դեմ որևէ քայլ չի ձեռնարկի:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում 130 զինծառայող, տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զո րքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը: