ԵՄ-ն պատրաստ է ընդառաջել բարեփոխումների վերաբերյալ Լոնդոնի պահանջներին. Տուսկ
ՄիջազգայինԵվրամիության անդամները պատրաստ են ընդառաջել կազմակերպության բարեփոխման վերաբերյալ Լոնդոնի պահանջներին, բայց արտոնությունների եւ տեղաշարժերի ազատության հարցերը քաղաքական լուրջ բանավեճեր են պահանջում ԵՄ-ի ղեկավարների առաջիկա հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Հանդիպումը պլանավորված է Բրյուսելում հաջորդ շաբաթ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նոյեմբերին հանդես է եկել ԵՄ-ից միգրանտներին աշխատանքային նպաստների վճարումը եւ նրանց հարկային արտոնությունների տրամադրումն օրենսդրորեն սահմանափակելու նախաձեռնությամբ, ինչպես նաեւ սպառնացել է ԵՄ-ից երկրի դուրս գալով, եթե մյուս երկրների ղեկավարները չանսան միությունը բարեփոխելու եւ ազգային կառավարություններին ու խորհրդարաններին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու պահանջներին:
Տուսկի խոսքով՝ Եվրամիության երկրներից աշխատավոր միգրանտներին մի շարք արտոնությունների տրամադրումն արգելելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկն «էական քաղաքական տարաձայնություններ» Է առաջացնում:
ԵՄ-ի ղեկավարներին ուղարկած նամակում Տուսկը նախազգուշացրել է, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի ապագա անդամակցության հետ կապված անորոշությունն ապակայունացնում է փոխհարաբերությունները կազմակերպությունում: