Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից կան տուժածներ
ՄիջազգայինԵրկուշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Պոկրովկա փողոցի 19 տան մոտակայքում գտնվող կանգառում, պայթյուն է տեղի ունեցել: Տեղի իրավապահների տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով տուժել են երեք հոգի՝ երկու կին և մեկ տղամարդ: Եվս մեկ տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել, ում տեղում առաջին օգնություն են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները:
Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանց ուղղությամբ անհայտ անձանց կողմից ինքնաշեն պայթուցիկ է նետվել, բայց թե ովքեր են նրանք եղել, իրավապահներն առայժմ դժվարանում են ասել:
Մոսկվայի քաղաքային ՆԳՆ լրատվական ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովը «Տասս» գործակալության թղթակցին հայտնել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են կանգառի ապակիները, ինչն էլ վնասել է երեք մարդու: «Դեպքի վայրում աշխատում են մոսկովյան ոստիկանության հետաքննիչները: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Հայտարարվել է հետախուզում կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնել է Ա. Գալիաբբերովը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառը մեքենայից կամ հարակից շենքից գցած ինքնաշեն պայթուցիկն է եղել:
Ա.Գ.