Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը գործողություններ է իրականացրել երկրի 13 նահանգներում: Բերման են ենթարկվել արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի 20 կողմնակիցներ, որոնցից 16-ը ձերբակալվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ջումհուրիեթ» թերթը` նշելով, որ ձերբակալվածների մեջ կան նաեւ ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Նշվում է, որ ձերբակալվածներ թվում են Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի պետի նախկին տեղակալ Յասին Թոփչուն եւ նախկին գլխավոր կոմիսար Մեհմեթ Աքիֆ Ուները:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունում հուլիսի 22-ին սկսված «Զուգահեռ պետություն կառույց» հետաքննության շրջանակում 27 ոստիկանների ձերբակալության որոշումներ են ընդունվել: Սեպտեմբերին Ստամբուլի դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի եւ Թուրքիայում ավելի վաղ ձերբակալված նրա կողմնակիցների նկատմամբ մեղադրական եզրակացություններ է նախապատրաստել, նրանց 11,5-ից մինչեւ 34 տարի բանտային ազատազրկում է սպառնում:
2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկ անդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:
Թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն իր հերթին դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: