Ադրբեջանում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը
ՄիջազգայինԱդրբեջանում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըն: Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրել է 3 ամիս ժամկետով կալանքը:
Այս մասին, իչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ֆուադ Գահրամանլըն ժխտել է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները եւ հայտարարել, որ կբողոքարկի դատարանի որոշումը:
Ժողճակատի փոխնախագահի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու» եւ «բռնության կիրառմամբ կամ կիրառման սպառնալիքով ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն եւ թշնամություն գրգռելու» հոդվածներով:
Ժողճակատ կուսակցության մյուս փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն «Թուրան»-ին հայտնել է, որ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործունեություն է վերագրվում Գահրամանլըին, սակայն, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ գործը հարուցվել է կապված նարդարանյան իրադարձությունների:
«Ինչպիսի մեղադրանք էլ առաջադրեն Ֆուադ Գահրամանլըի դեմ, նախապես հայտնի է, որ այն շինծու է: Ֆուադ Գահրամանլըին ձերբակալել են մեր երկրի ժողովրդավարացման համար նրա հետեւողական, սկզբունքային պայքարի համար», -հայտարարել է Ժողոճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:
Դատախազության աշխատակիցները Ֆուադ Գահրամանլըի տանից տարել են նրա համակարգիչը: Մեղադրվող հոդվածներով նրան մինչեւ 5 տարի ազատազրկում է սպասվում: