Էրդողանի որդին «բացահայտել» է իր հարստության աղբյուրը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների ֆինանսական կարողության մանրամասները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, իտալական Corriere della Sera թ երթը հարցազրույց է արել Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հետ՝ անդրադառնալով նրա կարողություններին և ԻՊ-ի հետ հնարավոր կապին:
Պարբերականի այն հարցին, թե որն է Բիլալի հարստության աղբյուրը, նա պատասխանել է, որ Ստամբուլում ունի 5 ռեստորան, ինչպես նաև երկու հորեղբոր հետ ունեն BMZ անունով մի ընկերություն: Լրագրողը հետաքրքրվել է` արդյոք այդ ընկերությունը ԻՊ-ի նավթի տեղափոխությամբ է զբաղվում, ինչպես հայտարարել էին ռուս պաշտոնյաները, ինչին ի պատասխան Բիլալն ասել է. « BMZ-ն շինարարական կազմակերպություն է: Ստամբուլում գրասենյակներ ենք կառուցում: Սիրիայում կամ Իրաքում գործ չենք անում»:
Corriere della Sera-ի թղթակիցը հիշեցրել է, որ Wikileaks-ի համաձայն՝ Էրդողանների ընտանիքը 2010 թվականին շվեյցարական բանկերում 8 հաշիվ ուներ: «Ձեր հայրը սրա հետ կապված հայտարարություն էր արել՝ Ձեր հարսանիքին Ձեզ տրված նվերների, ինչպես նաև Ձեր և ձեր եղբայրների կրթության համար մի գործարարի կողմից արված նվիրատվության վերաբերյալ»,- նշել է իտալական պարբերականի աշխատակիցը: Անդրադառնալով այս հիշատակմանը՝ Էրդողանի որդին ասել է. «Դա ճիշտ չէ, մենք Շվեյցարիայում հաշիվ չունենք, հայրս նման բան չի ասել»:
Թերթը տարօրինակ է համարել, որ Թուրքիայի համար դժվար ժամանակաշրջանում Բիլալը թողել է երկիրն ու տեղափոխվել Իտալիա՝ ընդգծելով, որ շատերը կատարվածն ուղղակի անվանում են փախուստ: Սրան ի պատասխան Բիլալն արդարացել է՝ ասելով, թե իր համար ևս շատ ցանկալի կլիներ մնալ հայրենիքում, սակայն Իտալիայում «աշխատանքի վրա կենտրոնանալ ավելի լավ է ստացվում»: