Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու ԱԳՆ գլխավոր քարտուղարը կմեկնեն Բաղդադ
ՄիջազգայինԹուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կմեկնեն Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Այցելությունը կապված է վերջին օրերին սրված թուրք-իրաքյան հարաբերությունների հետ` պայմանավորված թուրքական զորքերի՝ հյուսիսային Իրաք մտնելու փաստով: Պատահական չէ նաև, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին դեկտեմբերի 9-ին հակառակ հայտարարված ծրագրի Թուրքիա ժամանելուն պես օդանավակայանից անմիջապես գնացել է Ազգային հետախուզական ծառայություն՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպման:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը: Դեկտեմբերի 8-ին այդ հայտարարությունը կրկնել է արդեն Իրաքի արտգորնախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին՝ նախազգուշացնելով, որ վերջնաժամկետը մոտենում է ավարտին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: