Ժնեւում բարձրացրել են հարձակումների սպառնալիքի մակարդակը
ՄիջազգայինՇվեյցարիայի ոստիկանությունը հայտարարել Է Ժնեւում հարձակումների սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին, ինչը կապված Է այն կասկածյալների հետապնդման հետ, որոնք կարող են մեղսակից լինել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին, տեղեկացնում է BBC-ին:
Ոստիկանության տվյալներով՝ սպառնալիքի մակարդակը բարձրացնելու որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ տեղեկատվություն Է ստացվել, որ կասկածյալները գտնվում են քաղաքի տարածքում: Այժմ իրավապահ մարմինները փորձում են պարզել նրանց գտնվելու ստույգ վայրը:
Ինչպես ասված Է անվտանգության քաղաքային դեպարտամենտի հաղորդագրության մեջ, Ժնեւի փողոցներում կարգուկանոնն ապահովում են ոստիկանության ուժեղացված կարգախմբերը:
Reuters գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի կենտրոնակայանի մի աղբյուրի, հաղորդել Է, որ Շվեյցարիայի իշխանությունները Ժնեւում փնտրում են չորս երիտասարդների, որոնք կարող են մեղսակից լինել Փարիզում իրականացված գրոհներին:
Նոյեմբերի լույս 14-ի գիշերը Փարիզում մի շարք զինված հարձակումներ են կատարվել խաղաղ բնակիչների վրա: Երկրի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն: Հարձակումների զոհ Է դարձել 130 մարդ, վիրավորվել Է եւս ավելի քան 400 հոգի: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: