Խոդորկովսկու այլընտրանքը նյարդայնացրել է ՌԴ դատախազությանը
ՄիջազգայինԱնցած չորեքշաբթի Միխայիլ Խոդորկովսկին իր կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտել է մտքեր, որոնք ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնևայի տեղեկացմամբ պարունակում է կոչ՝ հասարակությանը մղելու երկրում բռնի կերպով սահմանադրական հիմքերը և կարգը խախտելու համար,- գրում է Orer.am-ը:
Դատախազության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ դիտարկվում է նաև, թե արդյո՞ք հայտնի գործարարի խոսքում ահաբեկչության նշաններ չկան, որի պատճառով քննչական մարմինները ստիպված լինեն նրան ձերբակալելու համար հետախուզում հայտարարել: Գրիդնևայի տեղեկացմամբ՝ նման որոշում է կայացրել ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին:
Հիշեցնենք, որ «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Մ. Խոդորկովսկին Լոնդոնում դեկտեմբերի 9-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում հեղափոխություն կատարելն անխուսափելի է դարձել և այն ինչ տեղի է ունենում երկրում, իր գնահատմամբ իրական սահմանադրական հեղաշրջում է: Միևնույն ժամանակ, լոնդոնաբնակ ռուս միլիարդատերը նշել էր, որ իր խնդիրն է համարում օգնել, որ այդ հեղաշրջումն ավելի խաղաղ բնույթ կրի. «Իմ խնդիրն է հասարակությանը այլընտրանք տրամադրել և ես պատրաստ եմ դառնալ այդ այլընտրանքը»,- ասել էր ռուս հայտնի գործարարը:
Ա.Գ.